31 հոկտեմբերի 2019 - 18:00 AMT
Լավրով. Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ

ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցելությունների շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ երկխոսության դրական արդյունքի վերաբերյալ հույսերը պահպանվում են:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ապրիլին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ «մի շարք հումանիտար քայլերի հեռանկարներ ձևավորվեցին», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն ժամանակ քննարկվեցին նաև երկու կողմերում պահվող անձանց փոխանակման, զոհվածների դիերի փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի հարցերը՝ մի փոքր մեղմելու համար լարվածությունն ու վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով: Լրագրողների վերաբերյալ, ինչպես գիտեմ, երկխոսությունը ընթանում է, հույս կա...»,-ասել է նա:

«Պահվող անձանց փոխանակման պարագայում իրավիճակը հուսադրող չէ, բայց, մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ հարկավոր է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Ըստ նրա, «կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ հարկավոր են համանախագահների շարունակվող ջանքերը»: Նա հավելել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստում կարևոր կլինի օգտագործել ՄԽ համանախագաների ելույթները «առավել դրական մթնոլորտ ձևավորելու համար»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։