1 նոյեմբերի 2019 - 11:12 AMT
ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Ազգային ժողովի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Ակցիան կազմակերպել է Հայկական արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք է իրականացնում կոնվենցիան արգելելու համար, հայտնում է Aysor.am-ը:

Ցուցարարաներին միացել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ միանալով նաև ստորագրահավաքին:«Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր արժեհամակարգին», - ասել է Պետրոսյանը: Նա նկատել է, որ ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն ՀՀ-ում կա ու դրա անվան տակ ընդունելի չէ նման օրենք բերելը:

Նոյեմբերի 1-ին ևս մեկ ակցիա է նախատեսված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, այս անգամ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի դիմաց: Այն կայանալու է 15:00-ին և կանցնի «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» խորագրով:

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որը ժամանել է Հայաստան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։

Բողոքի ցույցի կազմակերպիչ «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնությունն այս քայլը դիտարկում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես նաև համարում հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված քայլ։

Հայաստանում կոնվենցիայի վավերացմանը դեմ են նաև Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատի անդամների նախաձեռնությունը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, անհատներ։