7 նոյեմբերի 2008 - 18:12 AMT
Բենիտա Ֆեռերո-Վալդները ՀՀ ղեկավարին ծանոթացրել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ ԵՄ հետագա ծրագրերի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում: Կողմերը քննարկել են տարածաշրջանային, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներին, Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բենիտա Ֆեռերո-Վալդները հանգամանորեն կանգ է առել Եվրամիության նոր` արեւելյան հարեւանության նախաձեռնության վրա եւ ներկայացրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու Եվրամիության հետագա ծրագրերը: Կողմերը հույս են հայտնել, որ Եվրամիության խորհրդատուների խմբի աշխատանքը Հայաստանում նոր լիցք կհաղորդի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին:

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներն ստորագրել են համաձայնագիր` Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար բարձր մակարդակի խորհրդատուների խումբ ուղարկելու մասին: