14 նոյեմբերի 2019 - 17:16 AMT
Անանյան. Մեծ մեքենաները նոյեմբերի 18-ից կմաքսազերծվեն Գյումրիում

Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր, հաղորդում է Shantnews.am-ը։

Նշվում է, որ ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկել է ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։

Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ մինչև տարեվերջ Գյումրիում կիրականացվեն մաքսատան բոլոր գործառույթները։ Անանյանը նշել է, որ հիմա օրական ավելի քան 500 մեքենա է մաքսազերծվում Գյումրիում, նոյեմբերի 18-ից լրացուցիչ ևս 250-300 մեքենա արդեն թրեյլերներով կբերվեն Գյումրի, իսկ նոյեմբերի 25-ից արդեն նաև բեռնարկղերով տեղափոխվող մեքենաների ամբողջ ծավալը կմաքսազերծվի Գյումրիում։

Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծվող ինքնաշարժ բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումները մոտ մեկ ամիս է՝ իրականացվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատանը։ Նախատեսվում է, որ Գյումրիում օրական 1100 մեքենայի մաքսային ձևակերպում է կատարվելու։