22 նոյեմբերի 2019 - 13:33 AMT
Փաշինյան. 15 տարի առաջ պայթեցվել կամ հրկիզվել էր իմ ավտոմեքենան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր՝ 15 տարի առաջ նոյեմբերի 22-ին այրված ավտոմեքենայի լուսանկարը:

«2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան»,- լուսանկարին կից գրել է վարչապետը:

2004-ին Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան առավելապես հենց նա էր վարում: Լրագրողների պատմելով՝ թերթի խմբագրության առջև մեքենան այրվել էր պայթյունի ձայնից հետո:

«Ես առաջարկում եմ իրավապահներին, որ քննության առնեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պատմել էր, որ 2004 թվականի Աթենքի օլիմպիադայից հետո «Հայկական ժամանակում» լույս է տեսել խմբագրական՝ երեք անձի՝ Իշխան Զաքարյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի ծաղրանկարով: Դրանից հետո տարբեր միջնորդների միջոցով Գագիկ Ծառուկյանը փորձել է իր հետ հանդիպել, բայց ինքը կտրականապես հրաժարվել է: Փաշինայնը նշել էր, թե «Ծառուկյանի շրջապատից իր աղբյուրները» իրեն տեղյակ են պահել, թե դա «էժան չի նստի իր վրա»: