Մալիում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ջիհադականների դեմ գործողության ընթացքում, հայտնում է Ելիսեյան պալատը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է զոհվածների արիությունը և ցավակցություն հայտնել նրանց մերձավորներին, գրում է Deutsche Welle-ն:
Վթարի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: AFP գործակալությունը ռազմական շրջանակներում աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ ուղղաթիռները բախվել են:
Մալիում և Սախելի գոտու մյուս երկրներում, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Կարմիր ծով, Ֆրանսիան «Բարխան» առաքելության շրջանակում պայքարում է իսլամիստ ահաբեկիչների դեմ: Գործողությանը մասնակցում է 4500 ֆրանսիացի զինվորական: