28 նոյեմբերի 2019 - 12:36 AMT
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի շփումը կառուցողական է, Քոչարյանի հետ հարաբերություններն ընկերական են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական է: Այդ մասին Բիշքեկում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան:

Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն: «Մի բան կարող եմ ասել, Երևան այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահի տիկնոջը: Նրանք պահպանում են հարաբերությունները: Դուք գիտեք, որ Պուտինն ու երկրորդ նախագահը ընկերական հարաբերություններ ունեն»,-ասել է նա:

Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի կալանքը: Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել և հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բացը լրացվել է: Ավելին, ըստ Պեսկովի, Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ: «Նրանք աշխատանքային, կառուցողական հարաբերություններ են կառուցել: Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես և պետք է լինի մեր երկու երկրների միջև»,-ասել է Պեսկովը:

Անդրադառնալով Փաշինյանի 2020-ին կատարելիք պետական այցին Մոսկվա՝ Պեսկովն ասել է, որ այցը մշակվում է, սակայն ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Սակայն, նա հավելել է, որ այցը շատ արագ կարելի է կազմակերպել, այդ առումով խնդիր չկա: