ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի քննությունը: Այդ մասին հայտնել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Քննությունը վարել է գերատեսչության կենտրոնական աշխատակազմի Գլխավոր քննչական վարչությունը: Քույրերի կողմից իրենց հոր սպանության քրգործում մեկ հոդված կա՝ «Նախնական պայմանավորվածությամբ խմբակային սպանություն» հոդվածը:
Ըստ Պետրենկոյի, քննության վարկածով, 2018-ի հուլիսի 27-ին, Խաչատուրյան քույրերը, գտնվելով բնակարանում, «գործելով նախնական պայմանավորվածությամբ և սուր հակակրանք տածելով հոր հանդեպ, վերջինիս բազմակի հարվածներ են հասցրել դանակով և մուրճով», գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Մեղադրյալների գործողությունները գնահատելիս, պարզվել է, որ հանցագործության դրդապատճառ է հանդիսացել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր հոր կողմից տևական ժամանակահատվածում իր դուստրերին ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը քննությունը հաշվի է առել որպես մեղմացուցիչ հանգամանք»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Համալիր հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունները պարզել են գործով անցնող անձանց հոգեկան վիճակը՝ քույրերից 2-ը սպանություն կատարելու պահին կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների փաստացի բնույթն ու ղեկավարել դրանք:
ՔԿ պաշտոնական ներկայացուցիչն ասել է նաև, որ քննությունը բավարար ապացուցողական բազա է հավաքել, որի հիման վրա Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:
Կրտսեր քրոջ քրգործն ուղարկվել է դատախազին հետևյալ նշումով՝ «բժշկական բնույթի հարկադիր միջոցների կիրառման մասին»: