14 նոյեմբերի 2008 - 17:04 AMT
Էրդողանի հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը
«Աշխարհում բավականաչափ կշիռ ունեցող երկրի վարչապետին վայել չէ այդպես արտահայտվել մի ժողովրդի սփյուռքի մասին, որը հենց Թուրքիայի պատճառով սփռվեց աշխարհով մեկ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Ռեջեպ Թայիպի խոսքերն այն մասին, որ «հայկական սփյուռքը զբաղվում է էժանագին լոբբինգով»:

Հայ թուրքագետի խոսքերով, նման հայտարարությունները առավել եւս տեղին չեն, եթե հաշվի առնել, որ Թուրքիան կարծես թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է ցանկանում: «Նման հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը:

Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանում ելույթ ունենալիս Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Բարակ Օբամայի հայտարարությունների մասին խոսքում հայտնել է, որ Ամերիկայի հայկական համայնքը «անարդար քաղաքականություն» է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Ճիշտ չի լինի դատողություններ անել` հիմնվելով «էժանագին քաղաքական լոբբինգի» վրա»,- հայտնել է Ռեջեպ Թայիպ Էրդողանը: