Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող, բայց չծառայած հայերին առաջարկում է ֆլեշմոբ: Այդ մասին նա հայտնել է լրագրոցների հետ զրույցում:
Սառժրգսյանն ավելի վաղ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով։
Ըստ Սարգսյանի՝ նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի՝ ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում, հայտնում է «Ա1+»-ը:
Պատգամավորը դիմեց արտերկրում բնակվող հայերին. «Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չես կարողանում դա անել, որ քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է 2 տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայելը։ Եվ եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստանի Հանրապետությունում ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնել ինձ, դրա մասին գրել ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։
«Ես առաջարկում եմ ֆլեշմոբ անել, և գուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի, որ ես էլ մտածեմ՝ նման նախաձեռնության իմաստ չկա»,- հավելել է Սարգսյանը:
«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել և ցանկանում եմ ՀՀ վերադարձնել այդ զրո զինծառայողին»,-ասել է նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չնշեց, թե ինչպես է հնարավոր մեկ ամսում սովորել ռազմական արվեստը։ Պատգամավորը պատրաստ է նաև քննարկել օրինագծում հնարավոր փոփոխությունները։
Լրագրողների հարցին, թե արդյոք նա ծառայել է, Հայկ Սարգսյանը դրական պատասխան է տվել: