15 նոյեմբերի 2008 - 13:36 AMT
Թուրքիայում դպրոցականների են դատում ահաբեկչություն քարոզելու եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու համար
Թուրքիայում սկսվել է անչափահաս քուրդ դպրոցականների դատական հետապնդումը: Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի վեց դպրոցականներ մեղադրվում են ահաբեկչություն քարոզելու եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու մեջ: Յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտարկություն:

Դատական իշխանությունների ներկայացուցիչը թուրքական հեռուստաալիքներից մեկին հաղորդել է. «Մի խումբ անչափահասներ ձերբակալվել են հանրահավաքի ժամանակ Թուրքիայի հարավ-արեւելքում, հանրահավաքում ելույթ էր ունենում երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրանք անկարգություններ են կազմակերպել. այրել են թուրքական դրոշը, հրկիզել են տասնյակ ավտոմեքենաներ եւ վարչապետի թիկնապահների վրա պայթուցիկ նյութով շշեր են նետել»:

Ընթացիկ տարվա օգոստոսին Թուրքիայի իշխանությունները քրեական գործ էին հարուցել հինգ քուրդ դեռահասների դեմ` որպես բողոքի նշան ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանքում գտնվելու դեմ անհնազանդության զանգվածային ակցիա կազմակերպելու համար, որը ցմահ պատիժ է կրում թուրքական բանտում: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: