6 դեկտեմբերի 2019 - 17:42 AMT
Վարչապետ. 2020-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով գերազանցելու ենք Ադրբեջանին

Հայաստանը 2019-ին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին առաջ կանցնի Ադրբեջանից: Այս մասին 2020 թվականի բյուջեի վերջնական քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ Բայց մենք 2020-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, աշխատասեր, հպարտ քաղաքացին»,- ասել է Փաշինյանը:

2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ վարչապետն ամփոփել էր նաև անցնող տարվա տնտեսական վիճակագրությունը՝ նշելով, որ տնտեսական աճը 2019-ի 9 ամսվա կտրվածքով 7.5% է, և սա տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է:

Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն ընդունեց 2020-ի բյուջեի նախագիծը: