Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության գովազդ հեռարձակելու իրավունքը։ Այս մասին տեղեկանումե նք e-draft.am կայքից:
ԱՆ-ն առաջարկում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակել։
Նշվում է, որ հեռուստաընկերությունը պահպանելու է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:
Քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է կարգավորվել նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք կունենա մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:
«Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը»,- նշվել է արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում։
Մինչև 2015 թվական Հանրային հեռուստաընկերություն իրավունք ուներ հեռարձակելու առևտրային գովազդ, որը չպետք է գերազանցներ ընդհանուր հաղորդումների 7%-ը: Սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխության հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց իր եթերում գովազդ ցուցադրելու հնարավորությունից հիմնավորմամբ, որ առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար։