12 դեկտեմբերի 2019 - 13:17 AMT
Փաշինյան. ՀՀ-ում բռնությունը պետք է արմատախիլ արվի, անկախ որևէ կոնվենցիայից

Հայաստանում բռնությունը պետք է արմատախիլ արվի, ինչպես կոռուպցիան, անկախ որևէ կոնվենցիայից: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության:

«Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ, ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ինչպիսին է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կոնվենցիայի մասին, ում դեմ բռնության մասին է այն:

Բադասյանը պատասխանել է, որ, հանձնաժողովի կարծիքը մեկ նախադասությամբ բնութագրելով, կարելի է ասել, որ կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նա հավելել է, որ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային է՝ ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կանխարգելումը:

«ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի»,-ասել է նախարարը:

Փաշինյանն ասել է, որ հայ հանրության գիտակցության ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի տարրեր են պարունակում, ինչը նոր երեւույթ չէ:«Հայաստանում բռնության ոչ բոլոր դեպքերն են դատական եզրափակում ստանում, ոչ բոլոր քրեական գործերն են քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն»,- ասել է վարչապետը:

Ընթերցեք նաև.Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից