Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս:
Այս մասին հաղորդվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Wizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավիաընկերության կայքում դեպի Վիլնյուս ուղղությունը բացված է մարտից: Ասուլիսի ընթացքում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննա և Վիլնյուս չվերթներն իրականացվելու են եկող ապրիլից:
«Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս երկու ուղղությունները 63,000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում:
Անդրեաս Ռադոնը նշել է, որ իրենք չեն բավարարվելու այս երկու ուղղություններով:
Ավելի վաղ Հայաստան մուտքի մասին էր հայտարարել իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը: Պաշտոնապես հայտարարվել էր, որ Ryanair-ը 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյուսնխեն ուղղությամբ: