16 դեկտեմբերի 2019 - 13:14 AMT
ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբ է ստեղծվել

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների քննարկումների նպատակով Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս մասին որոշումն ընդունվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, հաղորդում է Factor.am-ը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է՝ կողմ կքվեարկի աշխատախմբի ստեղծմանը, սակայն մեկ մտավախություն ունի, որ կարևոր մարտահրավեր լուծելու համար Հայաստանում որևէ կերպ չվտանգվի խոսքի ազատությունը:

«Վստահելով նախաձեռնության հեղինակներին, որ այն լուծում է գլոբալ խնդիր, մարտահրավեր, Հայաստանում ատելության խոսքը կարգավորելու և ուղղված չի լինելու կոնկրետ թիրախային խմբերին պաշտպանել ատելության խոսքից, ինչը պետք է անպայմանորեն ներառվի այդ գլոբալ խնդրի մեջ»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Աշխատախմբի ղեկավար է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա ասել է, որ պետք է սահմանվի, թե ինչը կարող է համարվել ատելության խոսք և դրանց որ մասը կարող է մտնել քրեական դաշտ:

Նախատեսվում է, որ աշխատախմբի անդամներին կառաջադրեն ԱԺ խմբակցությունները: