Հայաստանում գրանցված «Տարոն ավիա», «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ» և «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունները ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, սակայն ԵՄ-ի կողմից անցկացված ստուգումների ժամանակ նրանց մոտ խնդիրներ են նկատվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հաղորդում է Armtimes.com-ը:
Ռևազյանը նշել է, որ հայտնաբերված խնդիրների պատճառով Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ:
«Փաստ է այն, որ խնդիրներ են հայտնաբերվել ԵՄ-ի կողմից, որոնք պետք է մենք հայտնաբերեինք»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ այս խնդիրները 10 տարվա են և անձնավորված չեն:
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը նշել է, որ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է ստուգումն ու նրա՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու դիմումն ընդունվել է, «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ»-ը նույնպես անցել է ստուգումը մի քանի խնդիրներով, իսկ ահա «Տարոն ավիա» ընկերությունում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա:
Ռևազյանի խոսքով՝ «Տարոն ավիան» չի կարողացել բացատրություն տալ՝ ինչից է խնդիրն իրականում առաջացել: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ ավիաընկերությունը հիմա փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: