18 նոյեմբերի 2008 - 18:57 AMT
Վլադիմիր Կազիմիրով. Մայնդորֆյան հռչակագիրը յուրօրինակ ֆենոմեն է
Շատ վատ է, որ 15 տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չի արվել վստահության մթնոլորտի ստեղծման համար, հատկապես Ադրբեջանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, Մայնդորֆյան հռչակագիրը, որում ասվում է վստահության միջոցառումների ամրապնդման մասին, յուրօրինակ ֆենոմեն է: «Բոլորովին նոր բան է տեղի ունեցել ղարաբաղյան կարգավորման գործում. երեք նախագահներ ստորագրել են մի փաստաթուղթ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ խաղաղ կարգավորումը: Ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում եղել է միակ դեպքը, երբ կողմերը նույնատիպ փաստաթուղթ են ստորագրել Թեհրանում 1992թ. մայիսի 7-ին, բայց մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց եւ փաստաթուղթն այլեւս անպետք դարձավ»,- ասել է ռուս դիվանագետը:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: