21 դեկտեմբերի 2019 - 11:23 AMT
Փաշինյան. Մեր խնդիրն է, որ ՀՀ բանակը լինի աշխարհի ամենաինտելկտուալներից մեկը

Ինտելեկտուալ աշխատանքը պիտի դառնա ՀՀ զինված ուժերի զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակի միջոցառմանը այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Factor.am-ը:

Փաշինյանը նշել է, որ եկել է ոլորտում նոր խնդիրներ դնելու ժամանակը:

Վարչապետի խոսքով՝ ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ մարդկության պատմության ամենաինտելեկտուալ գործերից մեկը:

«Երբ մենք ասում ենք, որ ՀՀ Զինված ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով: Նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը: Եվ սա է մեր խնդիրը, որ առաջադրում ենք և պիտի լուծենք միասին»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը ողջունել է նաև կանանց ներգրավվածությունը ռազմական գործում՝ նշելով, որ ժողովրդի ամբողջական պոտենցիալը ներգրավելու հնարավորություն պետք է ունենալ նաև երկրի անվտանգության գործում: