23 դեկտեմբերի 2019 - 14:36 AMT
Մակրոնը կհրաժարվի նախագահական թոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի կենսաթոշակային համակարգի բարեփոխման մտադրությունը լուրջ դիմադրություն է առաջացրել երկրում, կհրաժարվի հատուկ նախագահական թոշակից, երբ հեռանա պաշտոնից: Այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ 1955-ին ընդունված օրենքի, Ֆրանսիայի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո ամսական մոտ 6,200 եվրո են ստանում (նշված է չհարկված գումարը):

Մակրոնը կհրաժարվի թոշակից և կփոխի երկրի բարձրաստիճան անձանց համար գործող կարգը՝ համահունչ դարձնելով այն նոր կենսաթոշակային համակարգին: 42-ամյա Մակրոնը, նույնիսկ եթե երկրորդ անգամ վերընտրվի, պաշտոնից հեռանալուց հետո բավական ժամանակ կունենա մինչ կենսաթոշակային տարիքը: Սակայն, նա կհրաժարվի արտոնություններից, «իր գործողություններում հետևողական լինելու համար»:

Բացի այդ Ֆրանսիայի նախագահը, որն այցով գտնվում է Կոտ դ' Իվուարում, կոչ է արել ազգային երկաթուղային ընկերությանը Սուրբծննդյան տոների կապակցությամբ դադարեցնել գործադուլը, որը կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Ֆրանսիայի զգալի մասում: