27 դեկտեմբերի 2019 - 11:27 AMT
Տոներին կգործեն թանգարանները, թատրոններն ու մշակութային այլ հաստատությունները

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին կգործեն Երևանի և ՀՀ այլ քաղաքների թատրոններն ու մշակութային այլ հաստատությունները:

Մասնավորապես 2020-ի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու), Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00), Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):

Թատրոնները հիմնականում կուրախացնեն փոքրիկներին և կներկայանան մանկական ներկայացումներով:

Դեկտեմբերի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայանա Ամանորյա համերգով՝ 18:00-ին:

Հունվարի 1-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Թռիչք կկվի բնի վրայով»՝17:00-ին:

Հունվարի 2-ին և 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-Ֆոյեում համերգ կկայանա 17:00-ին:

Հունվարի 2-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Դրուգոյ չելովեկ» բեմադրությունը՝ 19:00-ին: Նույն օրը Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը կներկայացնի «Լոռեցի Սաքոն»՝19:00-ին: