27 դեկտեմբերի 2019 - 17:58 AMT
Գյումրու մաքսատանը հերթերի կարգավորման համակարգ կներդրվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Գյումրիի ավտոմաքսատանը ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները լուծելու նպատակով:

Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ կառավարության ղեկավարը տեղում ծանոթացել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:

«Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը: