Ֆրանսիայի իշխանությունները չեն պատրաստվում դուրս բերել իրենց զորքերն Իրաքից, հայտնում է Ինտերֆաքսը՝ Figaro-ին հղումով:
Նշվում է, որ Իրաքում ծառայություն իրականացնող ֆրանսիացի բոլոր 160 զինծառայողները կմնան այդ երկրում:
Բացի այդ, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենց զինծառայողները չեն տուժել Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը, այդ թվում՝ Ֆրանսիան, այդ ռազմաբազաների միջոցով պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտնել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին: