Հայաստան ժամանաող զբոսաշրջիկի համար անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական թերթիկներ, որտեղ նշված կլինեն տաքսիների մոտավոր գները, Կառավորության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակներ և հնարավորություններ ստեղծել:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է նաև, որ միջազգային մամուլում Հայաստանը նշվում է որպես զբոսաշրջային ուղղություն, բայց հատկապես սպասարկման որակի հարցը լուծելու ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:
«Պետք է մտածենք՝ տաքսու վարորդներից սկսած, մնացած օղակներով ավարտած, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, պետք է ծրագրեր ունենանք շփման որոշակի կուլտուրա սերմանելու և դա սովորական երևույթ դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ օդանավականաններում մաքսային տարածքից դուրս եկողները տարբեր ծառայություններ մատուցողների կողմից խմբակային հարձակումների են ենթարկվում. այդ խնդիրը ևս պետք է լուծվի:
«Արդեն երկու ուղղությամբ Գյումրիում թռիչքներ իրականացվելու են, օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է մտածել»,- եզրափակել է Փաշինյանը:
2019-ի դեկտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոց տեղափոխելու դիմաց տաքսիստը 34,000 դրամ էր վերցրել՝ համապատասխան կտրոն տրամադրելով: Այս հանգամանքը հանրային լայն քննարկման առարկա դարձավ. նշվում էր, որ եզակի դեպք չէ, երբ Հայաստանում տաքսիստները սովորականից մի քանի անգամ ավելի շատ գումար են պահանջում զբոսաշրջիկից: