10 հունվարի 2020 - 13:55 AMT
Beeline-ում ուզում են բաժնետոմսերը Ucom-ին վաճառել

Beeline ապրանքանիշի ներքո ներկայացող «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր բաժնետոմսերը Ucom շարժական կապի օպերատորին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն, կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա գործարքին: Նույն օրենքով սահմանվում են նաև, թե կարգավորող մարմինը որ դեպքում կարող է գործարքը մերժել:

Լիանա Ազիզյանի խոսքով՝ դիմումի քննարկումն ընթացքի մեջ է, բայց որոշման հրապարակման հստակ ժամկետներ նախանշված չեն:

Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորներից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում։