11 հունվարի 2020 - 17:03 AMT
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտումներ է գտել պաշտոնյաների հայտարարագրերում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնյաների հայտարարագրերում որոշ խախտումներ է գտել, «Հայկական ժամանակին» ասել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ խախտումների վերաբերյալ մանրամասներն ավելի ուշ հասանելի կլինեն:

Անդրադառնալով հանձնաժողովի՝ պատգամավորների կողմից ընտրվելուն և օբյեկտիվ գործունեության շանսերին՝ Հարությունյանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ բոլոր շահարկումներն անհիմն են:

«Խնդիրը, որպես այդպիսին, բարձրացվել է քաղաքական հնարավոր ազդեցության տեսանկյունից, դա վերաբերել է հանձնաժողովի ձևավորման սկզբունքին, բայց ֆունկցիոնալ անկախության տեսանկյունից առայժմ որևէ ողջամիտ փաստարկ ներկայացված չէ։ Մենք, որպես հանձաժողով, պատասխանատու ենք ֆունկցիոնալ անկախության համար, իսկ որպես անձեր և կոլեգիալ մարմին՝ կազմավորման հետ կապ չունենք»,- ասել է նա։

Անդրադառնալով պաշտոնյաների հայտարարագրերի վերանայմանը՝ նա նշել է, որ 2018-19-ին պաշտոնի ստանձնման և դադարեցման ժամանակ ներկայացրած եկամուտներն ուսումնասիրելու գործընթացն իրենց ամենօրյա աշխատանքի մասն է։

Հարությունյանը խոսքով նաև` զբաղված են նոր ձևանմուշի և դրա հիման վրա համապատասխան էլեկտրոնային բազայի ստեղծմամբ։ Դրանք պատրաստ կլինեն հունվարի վերջին, իսկ հայտարարատու պաշտոնյաները առնվազն երկու ամիս կունենան իրենց հայտարարագրերը ներկայացնելու համար։

Հաշվեքննիչ պալատի անդամի և Երևանի քաղաքապետի վերաբերյալ հարուցված վարույթներն էլ ուսումնասիրման փուլում են։ Դրա համար նախատեսված է 90-օրյա ժամկետ։ Հանձնաժողովականները դեռ պետք է համապատասխան պարզաբանումներ ստանան նրանցից, ուսումնասիրեն դրանք, հարցադրումներ անեն, ապա` գնահատական տան։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է 2019-ին նոյեմբերի 19-ին` Ազգային ժողովի որոշմամբ: Կառույցը մինչ դեկտեմբերի 19-ը գումարել է 4 նիստ և կայացրել 7 որոշում: Հարուցվել է նաև երկու վարույթ: