24 նոյեմբերի 2008 - 18:59 AMT
Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը կոչ է արել Իրանին ակտիվ համագործակցել Կովկասի անվտանգության հարցերում
Հայաստանն ու Իրանը 10 համաձայնագիր են ստորագրել պաշտպանական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: Այդ մասին Թեհրանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ա.Բաղդասարյանը Իրանի պաշտոնական անձանց հետ անցած բանակցություններն անվանել է «արդյունավետ»: Իրանի իր գործընկեր Սաեդ Ջալիլիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԽ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը հավանություն է տալիս Իրանի «քաղաքացիական ատոմային ծրագրին»:

Անդրադառնալով Թեհրանի դիրքորոշմանը տարածաշրջանային խնդիրների հարցում` Ա.Բաղդասարյանը կոչ է արել Իրանին ակտիվ համագործակցել Կովկասի անվտանգության հարցերում:

Իր հերթին Սաեդ Ջալիլին հայտարարել է, թե Իրանի հիմնական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն գործուն աջակցություն ցուցաբերելուն եւ ճգնաժամերի կանխմանը: Ընդ որում նա հավելել է, որ այլ ուժերի միջամտությունը միայն կխորացնի ճգնաժամը, իսկ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն հենց այդ տարածաշրջանի երկրները: Նրա խոսքերով, Թեհրանն ու Երեւանը կապված են պատմական եւ բարեկամական կապերով, որոնք կարող են խորացվել ու զարգանալ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: