14 հունվարի 2020 - 10:24 AMT
«Օսկարի» հավակնորդները հայտնի են. «Ջոկերն» ու «Իռլանդացին» կմրցեն լավագույն ֆիլմի կոչման համար

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 2020-ի հավակնորդների ցանկը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում կմրցեն «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի», «Իռլանդացին», «Ջոջո նապաստակը», «Ջոկերը», «Փոքրիկ կանայք», «1917», «Մի անգամ… Հոլիվուդում» և «Պարազիտները»:

Լավագույն ռեժիսորի տիտղոսին արժանանալու համար կպայքարեն Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին» ֆիլմի համար), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր» ֆիլմի համար), Սեմ Մենդեսը («1917» ֆիլմի համար), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ…. Հոլիվուդում» ֆիլմի համար) և Պոն Չժուն Հոն («Պարազիտներ» ֆիլմի համար):

Լավագույն դերասանի տիտղոսին արժանանալու համար նոմինացված են Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո դի Կապրիոն («Մի անգամ… Հոլիվուդում), Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»):

Լավագույն դերասանուհու տիտղոսին կարող են արժանանալ Սինտրա Էրիվոն («Հարրիեթ»), Սկառլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը 2020-ին կկայանա փետրվարի 9-ին: