14 հունվարի 2020 - 14:11 AMT
Նախարար. Ապահովագրության իրավունքից չօգտված տնտեսությունները փոխհատուցում չեն ստանա

Կառավարությունն աջակցելու է մարզերում գյուղտնտեսությունների ապահովագրության ծրագրին՝ փոխհատուցելով ապահովագրված տնտեսությունների վնասները:

Այս մասին, Factor.am-ի փոխանցմամբ, ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՝ հավելելով, որ ապահովագրվելու իրենց իրավունքից չօգտվող տնտեսությունների համար վնասի փոխհատուցում չի լինի :

Նախարարը նշել է, որ գործադիրն աջակցում է բոլոր ապահովագրվողներին՝ նրանց հետ միասին վճարելով նույն չափի ապահովագրավճար: Խաչատրյանի խոսքով` եթե ֆերմերային տնտեսությունը 2 ռիսկից էլ ապահովագրվել է, ապա Կառավարության աջակցության չափը դառնում է 60%:

Նախարարը հիշեցրել է, որ ապահովագրվող ռիսկերն են ցրտահարությունը և կարկուտը, իսկ երրրոդ ռիսկը՝ հրդեհից ապահովագրություն, ըստ էության, անվճար է առաջարկվում, եթե օգտվում են նախորդ 2-ից:

«Ուզում եմ գյուղացիական տնտեսություններին խրախուսել, որ դիմեն առաջիկա ամսվա ընթացքում ապահովագրման համար։ Ունենք արդեն 100 դիմումներ»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ դիմողները կավելանան:

Գյուղտնտեսությունների ապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019-ից ։ Դրանով նախատեսվում է 6 մարզում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, Կոտայքում և Տավուշում երկու մշակաբույսերի՝ խաղողի և ծիրանի 3 ռիսկից ապահովագրմանը։