15 հունվարի 2020 - 14:06 AMT
Դատախազություն. Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ

Գլխավոր դատախազությունը մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։ Ինչպես PanARMENIAN.Net-ին ասացին դատախազությունում՝ բողոքի մերժման հիմքերի մասին տվյալներ հայտնի չեն:

Սարգսյանի հայտարարագրերում պաշտոնը թողնելու պահին գրանցված է եղել մեկ բնակարան, մեկ Mitsubishi Montero մակնիշի մեքենա, հնաոճ իրեր, կտավների հավաքածու, ժամանակակից կտավներ և 25.2 մլն դրամ գումար:

2019-ի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489 մլն դրամ։ Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: