17 հունվարի 2020 - 11:15 AMT
Հալեպում հրթիռակոծությունից 6 զոհ կա՝ այդ թվում կանայք և երեխաներ

Հունվարի 16-ին Հալեպը կրկին հրթիռակոծվել է՝ կա 6 զոհ, այդ թվում կանայք և երեխաներ, հայտնում է «Գանձասարը»:

Վիրավորների թիվը հասնում է 20-ի:

Քաղաքի արևմտյան շրջանում հաստատված ահաբեկչական խմբավորումները 3 հրթիռ են արձակել Սըքքարի թաղամասի ուղղությամբ:

Քանդվել են բնակարաններ, խանութներ, նյութական վնաս է հասցվել:

2017-ի մայիսին Աստանայում (ներկայումս՝ Նուր-Սուլթան) Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում Սիրիայում ստեղծվել է 4 դեէսկալացիոն գոտի: 2018-ին այդ տարածքներից 3-ը հայտնվել են Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում և սահմանակից է Լաթաքիայի, Համայի և Հալեպի նահանգներն, դեռևս կառավարական ուժերի ենթակայության տակ չէ: Ավելին, դրա մեծ մասը գրավվել է «Ջեբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից: