17 հունվարի 2020 - 17:38 AMT
Ճարտարապետ. Հանրապետության հրապարակի տակ այն արժեքն է, որ կա նաև Կոնդում

Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտն ունի այն արժեքը, որ կա նաև Կոնդ թաղամասում, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին հղումով գրում է «Առավոտը»:

Հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակի տակի պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկսվեն արդեն 2020-ին:

«Կոնդի ժամանակաշրջանի տներն են, որոնք քանդվել են, մնացել են նկուղային հատվածները: Հիմա եթե Կոնդը քանդեք, կմնան նկուղները, ու կասեք, որ դա պատմական մեծ ժառանգություն է: Կոնդին դեռ ձեռք չեն տվել: Եթե արժեք ունի, դարձրեք զբոսաշրջային կենտրոն: Ես չեմ տեսնում Կոնդի ներուժն ու արժեքը և ոչ էլ արժեքը նրա, ինչը կտեսնենք հրապարակի տակ»,- ասել է նա:

Ըստ ճարտարապետի՝ Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման հարցի քննարկումը ժամանակավրեպ է:

«Մինչև գործի անցնելը դա պետք է լայն քննարկման առարկա դառնար, ոչ թե միանգամից ծրագիր բերեին»,- ասել է Քալաշյանը:

2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ շինարարները պատնեշի հանդիպեցին, ինչից հետո հնագետներ հրավիրվեցին ու պարզվեց, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են: 2003-ին կառույցներն ուսումնասիրել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի մասնագետները, ովքեր դրանք շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են համարվել:

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679-ին Երևանում ավերիչ երկրաշարժ է եղել, որը, ըստ Զաքարիա Սարկավագի հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, բայց դրանց նկուղային հարկերը մնացել են: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը: