20 հունվարի 2020 - 15:05 AMT
Մակունց. Չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հիշում, «որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է»: Նա խոսել է այդ մասին՝ պատասխանելով սուպերվարչապետական համակարգից ազատվելու վերաբերյալ հարցին, որի մասին ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ Փաշինյանը նման արտահայտությամբ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների կամ ստիպողականության արդյունքում ձևավորված ՏԻՄ իշխանությունը, ինչն այսօր չկա:

Սուպերվարչապետական համակարգում մենք ունեինք ընդդիմություն, որն իր լիազորություններում ու գործառույթներով սահմանափակ էր: Ես չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանել ենք «սուպերվարչապետական համակարգ», չենք սպասում, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու դրանով քայլեր ձեռնարկենք դրա դեմ, այլ ամենօրյա քայլերով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և լծակներ տալ ընդդիմությանը», - ասել է Մակունցը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ կիսանախագահական կառավարման համակարգի վերադարձի անհրաժետություն չի տեսնում:

«Այս պահին իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց աշխատանքային խումբը պետք է քննարկի և ներկայացնի փաստարկներ, հակափաստարներ ու դրա արդյունքում կհասկանանք, որ կողմն ինչ դիրքերից է հանդես գալիս», - ասել է Մակունցը:

Խոսելով այն մասին, թե Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ինչ հստակ առաջարկներով հանդես կգա «Իմ քայլը»՝ Մակունցը չակերտներ չի բացել:

2020-ի փետրվարին արդարադատության նախարարությունում նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկմամբ: