21 հունվարի 2020 - 13:23 AMT
Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի

Զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը 120 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

«Նախագծի նպատակը զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը մեծացնելն է, ինչը գոծող հոդվածով մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում», - նշել է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:

Զինծառայության վայրում զինվորին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից կպատժվի 4-8 տարի ազատազրկմամբ, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 6-12 տարի ժամկետով: Եթե այս արարքները կատարվել է մի խումբ անձանց` սպաների, հրամանատարի, ենթակայի, մեկ այլ ենթակայի հանդեպ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա պատիժը 6-9 տարի կլինի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 7-13 տարի:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը կպատժվի 7-10 տարվա ազատազրկմամբ: Նույն արարքն անուղղակի դիտավորությամբ կատարելու դեպքում կսահմանվի 8-14 տարվա ազատազրկում:

2019-ին սպանության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 14 դեպք է գրանցվե:, 2018-ին բանակում ինքնասպանությունների թիվը 11 էր, 2017-ին՝ 10, 2016-ին՝ 9-ը: