ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով դատական հերթական նիստին։
Դրան ներկա են միայն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասել է, որ փաստաբանները գրություն են ուղարկել, թե նախորդ նիստին տուժողի իրավահաջորդի կողմից իրենց հասցեին սպառնալիք է հնչել, որին դատարանը պատշաճ չի արձագանքել։
Հունվարի 14-ին հերթական նիստը հետաձգվել էր Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով: Միհրան Պողոսյանը չէր ներկայացել՝ նախապես տեղեկացնելով այդ մասին դատավոր Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել էր, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք դրսևորում դատավարության մասնակիցների հանդեպ։
Ավելի վաղ Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «Մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Արդյունքում պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։