23 հունվարի 2020 - 19:41 AMT
Վերաքննիչն անփոփոխ է թողել Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատելու որոշումը

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կշարունակի ուժի մեջ մնալ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը:

2019-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքի տակ գտնվող Արա Վարդանյանին:

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 2018-ի հուլիսին 3-ին՝ պնդելով, որ վերջինս խոստովանել է, թե հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: 2018-ի հուլիսի 5-ին Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել՝ օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից: Նա հաղորդագրություն էր տարածել՝ ներողություն խնդիրելով հիմնադրամի բոլոր նվիրատուներից: