27 նոյեմբերի 2008 - 18:02 AMT
Եվրամիություն` Ադրբեջանի վերջին հու՞յս
«Ադրբեջանական հասարակությունը հիասթափված է ԱՄՆ-ից, Իսրայելից եւ, առհասարակ, արեւմտյան երկրներից, այնպես որ ամերիկյան կամ իսրայելական դրոշների այրումը բավական հանգիստ է ընդունվում հասարակության կողմից»,- այսօր Երեւանում կայացած «Եվրամիություն եւ Հարավային Կովկաս` անվտա՞նգ գործընկերություն» ասուլիսի ժամանակ հայտնել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության Ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ գաղթի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, ադրբեջանական հասարակության մեջ կա երեք հոսանք` արեւմտամետ, ռուսամետ եւ իսլամամետ: «Ամենալուրջ գործոնը քաղաքական իսլամն է: Հենց դրանում գնալով ավելի շատ ադրբեջանցիներ են տեսնում Ղարաբաղը վերադարձնելու ուժը: Իսլամիստները ժողովրդին նաեւ հավատացնում են, որ տերությունները կգան, կքաշեն նավթն ու գազը եւ Ադրբեջանը աղքատ եւ անպետք վիճակում կթողնեն: Վերջին ժամանակներս զարգացել է նաեւ անպաշտպանության զգացումը Ռուսաստանի առջեւ: Իսկ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը բացի հռչակագրային հայտարարություններից մեր երկրի համար ոչինչ չեն անում: Այնպես որ Եվրամիությունը Ադրբեջանի վերջին հույսն է, հենց նա կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Իսկ առանց այդ հիմնախնդրի լուծման Ադրբեջանը չի կարող առաջ շարժվել»,- ընդգծել է Յունուսովը: