29 հունվարի 2020 - 11:59 AMT
Կորոնավիրուսը Չինաստանում վարակվածների քանակով գերազանցել է ատիպիկ թոքաբորբը

Չինաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները գերազանցել են 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի ցուցանիշները: Այդ են վկայում Պեկինում հրապարակված տվյալները:

Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ատիպիկ թոքաբորբը (ծանր սուր ռեսպիրատոր սինդրոմ, SARS) առաջին անգամ գրանցվել է 2002-ի նոյեմբերին չինական Գուանդունում, վերջին դեպքը՝ 2003-ի հունիսին: Ըստ ԱՀԿ տվյալների, մայրցամաքային Չինաստանում 5327 վարակման դեպք է եղել, մահացել է 349 մարդ: Ընդհանուր առմամբ՝ 30 երկրում հիվանդացել է մոտ 8,5 հազար մարդ, ավելի քան 900-ը մահացել է:

Հաջորդ մեծ բռնկումը՝ մերձավորարևելյան MERS-CoV կորոնավիրուսինը, մի քանի տարի տևեց՝ 2012-ից սկսած հիվանդացել է 2494 մարդ, մահացել՝ 858-ը: MERS-ով հիվանդությունների մեծ մասը գրանցվել է Սաուդյան Արաբիայում և Հարավային Կորեայում:

2019-nCoV կորոնավիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում և Գերմանիայում։