29 հունվարի 2020 - 14:35 AMT
Սեյրան Օհանյանն ԱԺ-ում մասնակցել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գնացել է Ազգային ժողով՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին պատասխանելու:

Ըստ հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց աշխատանքն արդեն վճռորոշ փուլում է: Քոչարյանի խոսքով՝ այդ շրջանակում ՊՆ նախկին ղեկավարը մեծ պատրաստակամությամբ համաձայնել է ներկայանալ ԱԺ, տեղեկացնում է «Ազատության» ռադիոկայանը։

Մինչև հանձնաժողովի նիստի մեկնարկն Օհանյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

2019-ի մայիսին Միրզոյանը հայտարարել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: