30 հունվարի 2020 - 16:26 AMT
ՄԻԵԴ. Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքն ու խոշտանգել նրան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշել է, որ ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահը եղել է խախտումներով. մասնավորապես, խոսքը Մարդու իրավունքների Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի (արգելում է խոշտանգումը և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը») մասին է:

Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է հայցվորներին €60,000 վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ու ևս €2200՝ դատական ծախսերի համար:

ՀՀ Ճամբարակի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանն ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր 2010-ի սեպտեմբերի 11-ին՝ Շամշադինի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ի Սարիբեկյանը երեկոյան գնացել էր անասուններին փնտրելու, և, մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում, հայտնվել գերության մեջ:

Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր և գերեվարվելու պահին ՀՀ Զինված ուժերում չէր ծառայում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, թե նա դիվերսանտ է: Հոկտեմբերի 5-ին Սարիբեկյանն ադրբեջանական բանտում, իբր, կախվել էր: Ըստ հայկական կողմի՝ նրան սպանել են կամ հասցրել ինքնասպանության: Ադրբեջանական կողմը 1 ամիս շարունակ հրաժարվում էր հետ տալ Սարիբեկյանի մարմինը, բայց նոյեմբերի 4-ին հանձնեց այն՝ խոշտանգման հետքերով: