30 հունվարի 2020 - 18:44 AMT
Հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքների իրացումը կբարելավվի

Կառավարության նիստում հոգեկան առողջությանը վերաբերող որոշ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշմամբ հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. անհրաժեշտ մեխանիզմները սահմանվել են:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումներ:

Ներկայացնելով նախագիծը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ, մասնավորապես, սահմանվել են հոգեբուժական կազմակերպության պարտականությունները պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը:

Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:

«Նախագծով հստակեցվել են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի հիմունքներով տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալները», - մանրամասնել է նախարարը:

Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորությունը:

Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները և սահմանվել դրանց իրականացման կարգերը:

Կառավարության նիստում ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին» որոշումը: