31 հունվարի 2020 - 11:45 AMT
Մաքսազերծ առցանց առևտրի շեմը ԵԱՏՄ-ում չի նվազի. Հարցը կքննարկվի 6 ամսից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը չի ընդունել փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ ԻՆչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որոշումը չի ընդունվել, քանի որ հանձնարարվել է ավելի խորն ուսումնասիրել հարցը և 6 ամսից կրկին անդրադառնալ։

ԵՏՀ նիստում հուվարի 30-ին քննարկվել է առաջարկը, համաձայն որի՝ արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում էր նվազեցնել €100-ի:

2020-ի հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է €500-ից մինչև €200: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին:

Մինչև 2019-ի հունվարի 1-ն առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմը կազմում էր €1000: 2019-ին այդ շեմի նվազումը մինչև €500 ՌԴ-ում ավելացրել է մաքսազերծվող առաքանիների քանակը 5 անգամ: