ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:
«ԵԱՀԿ համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ն վճռական է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հուսով է, որ ակտիվ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն, գրում է Interfax.az-ը:
Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին՝ Լիտցենբերգերն ասել է. «Ողջունում ենք կողմերի հանդիպումները կառուցողական և սուբստանտիվ բանակցությունների համար: Հուսով ենք, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն»:
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի 29-ին և 30-ին Ժնևում երկօրյա բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին և համատեղ քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո:
ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Բրատիսլավայում 2019-ի դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: