31 հունվարի 2020 - 12:38 AMT
ՍԱՏՄ. Ղրիմից ՀՀ ծովամթերքի ներկրման տվյալներ չկան

Ղրիմից Հայաստան ներկրված սննդամթերքի, մասնավորապես՝ ծովամթերքի մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում (ՍԱՏՄ) տվյալներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՍԱՏՄ-ից:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ 2020-ին պլանավորվում է Ղրիմից դեպի Հայաստան ծովամթերք ներմուծել:

Հարցին, թե կան արդյոք ՀՀ-ում Ղրիմից ներկրվող սննդատեսակներ և որ երկրի ապրանք են դրանք համարվում՝ ՍԱՏՄ-ից նշել են, որ, հնարավոր է, որոշակի հասցեից առանց նշելու Ղրիմ բառը, համապատասխան ուղեկցող փաստաթղթով սննդամթերք ներմուծվել է, բայց այն նույնականացնել Ղրիմ բառի հետ համակարգը թույլ չի տալիս:

Նշվել է նաև, որ ցանկացած երկրի որևէ տարածաշրջանից ՀՀ սննդամթերքի ներկրման վերաբերյալ ստույգ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ են կոնկրետ տվյալներ արտադրատեսակն արտահանող կամ արտադրող ընկերության մասին: