31 հունվարի 2020 - 19:09 AMT
Նախագահ. Հայերի համար անհասկանալի է՝ ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը Իսրայելում մասնակցում էր Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին:

Սարգսյանն ասել է, որ հայերի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններն Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:

«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառն Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններ են»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդունելով, որ 1949-ի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:

Նախագահը նշել է, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կարող են մեկ օր լավ լինել, մեկ այլ օր՝ վատ, սակայն ճշմարտությունը մնալու է, իսկ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է:

«Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,– ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի չկամությունը` կանգնելու Հայաստանի կողքին երկու համեմատելի ողբերգության՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին «համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ պայքարում»:

Ըստ նրա՝ Ցեղասպանության ճանաչումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Նախագահը նշել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ՝ Իսրայելի խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 30 երկիր: 2019-ին վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ևս ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: