5 փետրվարի 2020 - 17:17 AMT
Ավտոներկրողները նորից Կառավարության դիմաց են. Չեն հասցրել գրանցել չհայտարարագրված մեքենաները

Ավտոներկրողները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ մեքենաներ կան չհայտարարագրված, որոնք չեն հասցրել գրանցել։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Բագրատաշենում մոտ 500 մեքենա կա կուտակված:

Նրանք գործադիրից պահանջում են, որ հնարավորություն տան հին գնացուցակով մաքսազերծելու մեքենաները, որոնք շուտ են գնվել, բայց չեն հայտարարագրվել ֆիզիկապես չհասցնելու պատճառով, գրում է Panorama.am-ը:

«Մեքենաների մի մասը չի հատել սահմանը։ Դրանք գնվել են օգոստոսին, սեպտեմբերին, և քանի որ մեքենան ժամանակին չի հասել Վրաստան, մնացել է էնտեղ։ Հիմա խնդիրն այն է, որ մեքենաների մի մասը ներկրվել է, բայց չի հասցվել հայտարարագրել, մյուս մասն էլ մնացել է Վրաստանում, որովհետև չեն հասցրել ոչ հայտարարագրել, ոչ էլ ներկրել»,- ասել են ավտոներկրողներից մեկը:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, մի քանի ցավալի խնդիր կա. նախ, որ Բագրատաշենում 300-500 չհայտարարագրված մեքենա է կուտկվել։

«2019-ին մենք մեքենաներ էինք պատվիրել, կոնտեյները չեն բեռնաթափել, մինչև հունվարի 31-ը մոտ 300 մեքենա դուրս է մնացել հայկական շուկայից, այդ բոլոր մեքենաները Բագրատաշենի մաքսատանն են։ Մենք գրություններ ենք հղել վարչապետին, որ թույլ տան վերջին 300 մեքենան ներկրել Հայաստան։ Մենք այդ պատասխանին ենք սպասում արդեն 3 շաբաթ»,- նշել է նա։

Երկրորդ խնդիրը, ըստ Հովհաննիյանի, այն է, որ Ղազախստանի և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գրանցվել են Հայաստանում մեքենա արտահանելու համար, իրենց մեքենաները գրանցել են ՀՀ-ում. այսինքն՝ գույքահարկը պիտի վճարի ՀՀ քաղաքացին, մինչդեռ 2020-ի հունվարի 1-ից հետո տեղացիները չեն կարող հաշվառումից հանել այն մեքենաները, որոնք գրանցված են իրենց բնակության հասցեում։

Հայաստան ներկրված մեքենաների 70 տոկոսը, ըստ Հովհաննսիյանի, գնվել է ռուսների և ղազախների կողմից Վրաստանում, բայց գրանցվել է Հայաստանում, գույքահարկն էլ մնացել է ՀՀ վրա։

«Իրենք գնել են մեքենաները վրացիներից ու ադրբեջանցիներից, մեքենաներն ապօրինի գրանցել են Հայաստանում, իսկ առևտուրը եղել է Վրաստանում։ Պետք է հաշվառումից հանել այդ մեքենաները, որովհետև հիմա մարդիկ կան, որոնց տան վրա տասնյակ ղազախ կամ ռուս քաղաքացի է գրանցված և այդ ընտանիքների անդամները չգիտեն, թե գյուղապետը քանի հոգու է իրենց տան վրա գրանցել»,- նշել է Հովհաննիսյանը։

Ավեի վաղ ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ 2019-ին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած անձինք պետք է մաքսազերծեն մեքենաները սահմանված ժամկետում: Մաքսազերծման ժամանակ 2019-ի դրույքաչափերը կիրառելու համար մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է արվեին նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: