6 փետրվարի 2020 - 19:13 AMT
Նախագահը դիմել է ՍԴ՝ քրեական օրենսգրքի և բանկային գաղտնիքի մասին օրենքների հարցով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու օրինագծերը։

«Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է նախագահականի հաղորդագրությունում:

Օրենքներն ընդունվել էին ԱԺ կողմից հունվարի 22-ին։ Դրանք ենթադրում են բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ առանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի։ Նախաձեռնությունը հիմնավորվում էր ապօրինի հարստացման դեմ պայքարով ու դրա շրջանակում կասկածելի ձեռք բերված գույքի օրինականությունը ստուգելու անհրաժեշտտությամբ։