Փետրվարի 10-ի առավոտից Երևանը սպասարկող 10 երթուղու վարորդ գործադուլ էին հայտարարել` բողոքելով սահմանված օրավարձի բարձրացումից:
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈւԱՏ» ընկերության վարորդները փետրվարի 10-ի առավոտյան նախատեսված ժամին երթուղի դուրս չէին եկել:
Մի քանի ժամ տևած գործադուլից հետո դժգոհող վարորդները Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածությունից հետո դադարեցրել են գործադուլը և վերականգնել երթուղիների բնականոն աշխատանքը, հայտնում են քաղաքապետարանից:
«Պայմանավորվածության համաձայն՝ մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է», - նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը որոշել է 1500 դրամով ավելացնել վարորդների կողմից վճարվելիք գումարի չափը, փոխանցում է Aysor.am-ը։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը և ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը գործադուլ հայտարարած վարորդներին հորդորել են գիծ դուրս գալ և առաջիկա 7 օրն աշխատել հին օրավարձով, մինչև հարցին որևէ լուծում կտրվի, փոխանցում է Aysor.am-ը։
Երթուղայինի վարորդները նշել են, որ արտոնություն չտրամադրելու դեպքում գործադուլը կկրկնվի: