10 փետրվարի 2020 - 17:41 AMT
ՀՀ քաղաքացիներին զանգում են ադրբեջանական համարներից. ԱԱԾ-ն հորդորում է չպատասխանել

ՀՀ-ում գործող բջջային օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ զանգեր են ստացել ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ, հայտնում են ԱԱԾ-ից:

Զանգերը գրանցվել են հունվարի 31-ին՝ առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ը:

Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Ըստ ԱԱԾ-ի՝ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հաշվեկշռից կարող է խոշոր գումար ելքագրվել:

«ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել էր, որ վերջին շրջանում հայկական օպերատորների բաժանորդներն արտերկրից վտանգավոր հեռախոսազանգեր են ստանում, մեծ մասը Կոնգոյից: Նմանատիպ երևույթներ էին արձանագրվել նաև 2019-ի սեպտեմբերին՝ Հայաստանի բոլոր օպերատորների բաժանորդներն անծանոթ, այդ թվում` ադրբեջանական համարներից զանգեր էին ստանում։ Նույն երևույթը եղել է նաև 2018-ին: