11 փետրվարի 2020 - 13:12 AMT
ԱԱԾ. Ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և առանձնապես խոշոր չափի գումար ներգրավելու դեպքով քրգործ կա

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափի գումար ներգրավելու դեպք, արդյունքում քրեական գործ է հարուցվել։

ՀՀ մի խումբ քաղաքացիներ՝ նպատակադրվելով երկրի տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018-ի նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:

Ըստ ԱԱԾ-ի՝ այդ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավվել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ: Դրանում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։